Արցախ․ երբ գալիս է անորոշության պահը

Լրագրող: Նելլի Պետրոսյան

02.05.23
թեման: Կոնֆլիկտ

2022թ․-ի դեկտեմբերի 12-ից առ այսօր Դավիթ Գաբրիելյանը պայքարում է իր բիզնեսի համար։ Արցախցի մարքեթոլոգը, ով ունի իր փոքրիկ բիզնեսը, ծնվել է Ասկերանում և հիմա էլ այնտեղ է ապրում։

«Նախշուն թեյ»-ը Դավիթի ընտանեկան բիզնեսն է, որը ներկայացնում է թեյեր արցախյան բնական խոտաբույսերից։ Ասում է՝ ընտանիքում խոտաբուսային թեյերի ավանդույթը միշտ էլ եղել է (նախատատից է փոխանցվել)։ «Արցախում նմանօրինակ ընդամենը մեկ ընկերություն կար, որը հիմնականում աշխատում էր դեպի արտերկիր առաքման ուղղությամբ։ Մենք էլ որոշեցինք ստանալ մեր խոտաբուսային թեյերը, սկսեցինք բրենդավորումը, և այսօր ունենք պահանջված բրենդ»։

Դավիթը կրտսեր եղբոր հետ թեյ է պատրաստում այն զանազան խոտաբույսերից, որոնցով այնքան հարուստ է Արցախի բնաշխարհը։ 

Դավիթն ասում ՝ նախքան բլոկադայի սկսվելն ուներ բավականաչափ հաճախորդներ ու շահավետ պայմանագրեր։ Բայց ամեն ինչ փոխվեց դեկտեմբերի 12-ին, երբ մի խումբ ադրբեջանցի «էկոակտիվիստներ» փակեցին Հայաստանն Արցախին միացնող միակ ճանապարհը։ 

Թե նախկինում, և թե շրջափակումից հետո, այնուամենայնիվ, Դավիթի բիզնեսը որևէ աջակցություն չի ստացել` հենվելով միայն սեփական միջոցների վրա։

Շրջափակումը, որը պաշտոնական Բաքուն հերքում է, մեկուսացրել է արցախցիներին Հայաստանից, որն էլ հանդիսանում է առևտրի և ապրանքների հիմնական աղբյուրն Արցախի համար: Բլոկադան լայնորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին հանձնարարել է «ապահովել անխափան տեղաշարժը» տարածքով: Սակայն իրավիճակը շարունակում է նույնը մնալ՝ առանց որևէ առաջընթացի։

Ստեղծված իրավիճակից այսօր տուժում է  շուրջ 100,000 արցախցի, ինչպես նաև «Նախշուն թեյի» նման բազմաթիվ բիզնեսներ։

«Արցախում գնտվող մեր հաճախորդների մոտ 80%-ի հետ ժամանակավորապես դադարեցրել ենք համագործակցությունը՝ մինչև հասկանանք՝ ինչ է կատարվելու հետագայում»,- ընդգծում է երիտասարդ գործարարը։ 

Այս պահին 200 տուփ «Նախշուն թեյի» պատվեր կա ԱՄՆ-ից, ինչը, ցավոք, Դավիթը չի կարողանում տեղ հասցնել։ 

Արցախի կառավարությունը աջակցության ծրագիր է մշակել աշխատանքից զրկված և անապահով անձանց համար, բայց տեղական բիզնեսներից ոչ բոլորն են օգնություն ստացել։

Այս բացը որոշ չափով փորձում է լրացնել Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամը , բայց փակ ճանապարհները թույլ չեն տալիս տեղ հասնել։ Հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ստիպված են եղել պրոֆիլային փոփոխություններ անել․ «Այս պահին 15-ից ավել իրականացրած ծրագրեր ունենք, որոնց գույքը գնված է և գտնվում է Երևանում, բայց չենք կարողանում Արցախ տեղափոխել։ Հիմա աջակցում ենք մասնավորապես բազմազավակ ընտանիքներին՝ տրամադրելով մանկական կերեր, էլեկտրական լամպեր ու սերմեր»։

Արցախում բլոկադայի ընթացքում ստեղծվել է 5 բիզնես, որոնք, ցավոք, բոլորն էլ տուժել են։ Դրանք իրականացվել են ԿԱԶԱ հիմնադրամի ԽԹԱՆ ծրագրի և Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի ջանքերով․«Կա սնկի արտադրություն, որի համար պարկեր էինք գնել, որոնք դեկտեմբերի 15-ին Հայաստանից պիտի բերվեին Արցախ, բայց չկարողացանք բերել։ Մյուսը շոկոլադի բիզնես է, որի համար կա հումքի խնդիր։ Հայաստանից տպագրական որոշ նյութեր բերելու խնդիր էլ կա։ Լուրջ խնդիր ունեցանք ճագարաբուծության հետ, քանի որ կերը ի սպառ վերացել է, և առաջացել են կենդանիների առողջական խնդիրներ», ասում է Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ ճգնաժամային այս իրավիճակի ավարտից հետո շարունակելու են աջակցել գործարարներին։

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ Արցախում բիզնեսն ամբողջությամբ տուժել է, քանի որ չկա պետական հովանավորչություն։ Լոգիստիկ խնդիրների հետևանքով հիմնադրամի 250 շահառու տուժել է․ չկան պատվերներ, հումք և իրացման տարբերակներ։ «Մենք համագործակցում ենք Buy Armenian հարթակի հետ, որի միջոցով Արցախում արտադրվող ապրանքներն արդեն միջազգային շուկա էին դուրս գալիս։ Բայց այդ ապրանքները, որոնք մարդկանց փոքրիկ բիզնեսն են, այլևս հնարավոր չէ վաճառել օնլայն շուկայում, և բացառապես տեղական սպառում կարող են ունենալ կամ էլ չունենալ»։

Դավիթի համար դժվար է խոսել Արցախում տիրող ներկա իրավիճակից։ Ասում է՝ ինքը տոտալ անորոշության մեջ է, ինչպես մյուս բոլոր արցախցիները, և որևէ պլան կազմելու ամենաերկար ժամկետը 24 ժամն է դարձել։ 

Դեռևս բլոկադայից առաջ Դավիթն աշխատանքի առաջարկ էր ստացել, որի համար պիտի տեղափոխվեր Երևան, սակայն այսօր ստիպված է հեռավար աշխատել, ինչը, սակայն, բարդություններ է առաջացնում՝ կապված էլեկտրաէներգիայի ու ինտերնետ կապի հաճախակի ընդհատման հետ։ 

Երիտասարդ գործարարի ընտանիքն ունի մեծ բանջարաբոստանային համակարգ, որն էլ մշակելով՝ կուտակում է տարբեր մրգեր ու բանջարեղեններ, օգտագործում ու բաժանում նաև հարազատներին։ 

«Յուրաքանչյուր արցախցու մտքում հիմա ընդամենը մի հարց է՝ ի՞նչ է լինելու հետո։ Չգիտես՝ եթե ռիսկի դիմես, ինչ կլինի վաղը։ Իրավիճակից փախչել չես կարող։ Ամենուր հերթեր են, լարված իրավիճակ, մարդիկ, ովքեր կանգնած են տարրական հացի, ձվի, թթվասերի հերթ, որ օրվա հաց ունենան։ Մրգի, բանջարեղենի մասին խոսք լինել անգամ չի կարող, լույսը ժամով է (օրվա մեջ մի քանի ժամ ունենք լույս), գազը մեկ անջատում են, մեկ՝ միանցում, մի խոսքով, անհասկանալի իրավիճակում ենք ապրում։ Կարծես հետ ենք եկել դեպի մութ ու ցուրտ տարիներ»,-անկեղծանում է Դավիթը։ 

Բայց մեկ է, նա մտադիր չէ լքել հայրենիքը։ Վստահաբար ասում է՝ եթե գնալ Արցախից, ապա միայն ժամանակավորապես։


*Այս նյութը պատրաստվել է մինչ Ադրբեջանի ապրիլի 28-ի հայտարարությունն այն մասին, որ շրջափակումն ավարտված է։ Հայաստանը հերքել է տեղեկությունը, թե վիճարկվող անցումով երթեւեկությունը վերսկսվել է։


Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Բոլոր արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա