Կառչելով «ջնջվող» հիշողություններից

Լրագրող: Անահիտ Հարությունյան

23.05.23
թեման:

63-ամյա Գայանե Խաչատրյանը ամաչում էր, երբ չէր հիշում ընտանեկան լուսանկարում ինչ-որ մեկի անունը  կամ մոռանում էր, թե որտեղ է դրել իրերը: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ դուստրը նրան առաջարկեց այցելել Երևանում գտնվող «Հիշողության սրճարան»։ 

«Աղջիկս է համոզել, որ այցելեմ։ Ինձ, որ ասեց սրճարանի մասին` սթրես տարա։ Ինձ թվաց, որ ես ինչ-որ վատ տեղ եմ գնալու։ Մի պահ մտածում էի, միթե արդեն հասել եմ այդ վիճակին, որ ինձ տնից հանում են։ Հիմա ուրախ եմ, որ եկել եմ»։

«Հիշողության սրճարանը» Հայաստանում միակն է իր տեսակով, որտեղ շաբաթը մեկ անգամ անվճար այցելում են  թուլամտություն կամ Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդիկ։  Հիշողության  կամ կենտրոնացման հետ խնդիրներ ունեցող մարդիկ երկու-երեք ժամով գալիս են՝ զրուցելու, հիշողության խաղեր խաղալու և միմյանց ընկերակցությունը վայելելու: Միջին հաշվով ամեն շաբաթ հաճախում է 10-ից 15 մարդ:

Սրճարանի մասնակիցները փորձում են փոքրիկ հուշումներով մտաբերել հայկական ֆիլմերը։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին բացեց սրճարանի դռները՝ առողջապահական ոլորտում առկա կարիքները հոգալու համար։ Սրճարանը ֆինանսավորվում է Դավոսի Ալցհայմերի համագործակցության դրամաշնորհային ծրագիրը։ Մասնակիցների համար ծառայություններն անվճար են։ 

Հայաստանում վիճակագրություն չկա, թե քանի մարդ ունի թուլամտություն կամ Ալցհայմեր ախտորոշում։ Թեև տարածված է այն կարծիքը, որ 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ վեց տոկոսը դեմենցիա ունի, սակայն Հայաստանում տեղեկատվություն իմանալու հնարավորություն չկա, քանի որ բժիշկները կանոնավոր կերպով չեն ստուգում այս խանգարումները, և ընտանիքները սովորաբար տանն են  խնամում իրենց տարեց հարազատներին ու պոլիկլինիկաներում չեն էլ հաշվառվում։ 

2022 թվականի հունիսին կազմակերպությունը  սկսեց առաջին հետազոտական նախագիծը ամբողջ երկրով՝ շրջելով Հայաստանի տարբեր մարզերով ու գնահատելով մարդկանց հիշողությունը։ Մինչ օրս կամավորական հիմունքներով  հետազոտմանը մասնակցել է մոտ 4000 մարդ։

«Առաջարկում ենք նկարել ժամացույց՝ հասկանալու համար, թե ինչպես է մարդը հիշում և կողմնորոշվում ժամանակի մեջ: Դա սովորական և շատ հեշտ գործ է թվում, բայց ոչ բոլորն են կարողանում ժամացույց նկարել,- բացատրում է հիշողության սքրինինգի մասնագետ Սյուզի Սարգսյանը։- Երբ խնդիր կա։ Նրանք չգիտեն, թե ինչ նկարեն, էլ ուր մնաց, թե որտեղ տեղադրեն թվերն ու սլաքները։ Սա թեստի մի մասն է։ Մենք նաև գնահատում ենք նոր ինֆորմացիա հիշելու, ինչպես նաև գրելու և նկարելու կարողությունը։ Վերջում տալիս ենք տրամաբանական հարցեր»:

40 տարեկանից բարձր մոտ 4000 քաղաքացիների գնահատման արդյունքները դեռևս չեն ամփոփվել, սակայն ըստ սքրինինգի խմբի, ընդհանուր իրավիճակը բավականին մտահոգիչ է՝ հատկապես մարզերում։

«Ի տարբերություն մյուս օրգան համակարգերի խնդիրների, որոնք ցավով են արտահայտվում ու դիմում են բժշկի, այս դեպքում մարդիկ ասում են  “Վայ,  շփոթվեցի, սխալվեցի»,-նշում է «Ալցհայմերի խնամք Հայաստանը» կազմակերպության ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը։ «Մարդը  չգիտի, որ հիվանդանում է թուլամտությամբ /դեմենցիայով/ ու պետք է դիմել բժշկին»։

Ուղեղը նույնպես պետք է մարզել, այլապես  խանգարվում է գլխուղեղի տվյալ հատվածը, որը պատասխանատու է հիշողության համար։

Հոգեբան Օլյա Ղալեչյանը նշում է, որ շատերը տարիներով ապրում են  դեմենցիա ունեցող կնոջ, ամուսնու կամ ծնողի հետ՝ լողացնում են, հագցնում ու կերակրում։ Նրանք հիմնականում փակված են տանը, շատ դեպքերում հենց հարազատները չեն գիտակցում՝ ինչպես օգնեն կամ ամաչում են իրավիճակից։ Չեն հասկանում, որ թուլամտությամբ ու Ալցհայմերով  ախտորոշված  մարդիկ սոցիումի ու խնամքի կարիք ունեն։   

Սրճարանում գտնվելու ընթացքում մասնակիցները կարող են լսել իրենց երիտասարդության երաժշտությունը, երգել, պարել, խաղալ խաղեր, որոնք խթանում են իրենց միտքը և զրուցել հոգեբանների, սոցիալական աշխատողների և բժիշկների հետ:

«Մարդն իրավունք ունի վատ հիշողությամբ ապրելու,- նշում է Ղալեչյանը,- Հիշողության սրճարանի նպատակն է, որ մարդիկ լինեն սոցիումի մեջ, ցանկացած մարդ չորս պատի մեջ  փակված չպետք է մնա ու մարդիկ չպետք է ամաչեն իրենց  հարազատի հիվանդության համար»։ 

Բժիշկ Սոնա Մխիթարյանը երկար տարիներ աշխատել է ծերանոցում, ապա նաև խնամքի կենտրոններում։ Հիմա նա օգնում է բժիշկներին, վերապատրաստում նրանց պալյատիվ խնամք կազմակերպելու համար․  

«Ունենք շատ լավ նյարդաբաններ, բայց առաջնային օղակի բժիշկները, որոնց հետ բախվում է հիվանդը սկզբնական փուլում, իրենք  անտարբեր են։ Համարում են, որ դեմենցիան, անբուժելի է, տարիքային փոփոխություն է ու վերջ։ Բայց մարդու կյանքի որակը կարող ենք փոխել, կան պատճառներ, որոնք փոխում են իրավիճակը՝ ճնշում, շաքարային դիաբեդ, առողջ սնունդը, ապրելակերպը, ուղեղի մարզանքը»,- ասում է նա։ «Եթե մարդը տեղեկացված է խնդրից,  ինքը կարող է պայքարել, գտնել լուծումներ, պրոցեսը դանդաղեցնել»։ 

Նյարդաբան Նուրա Պեպելյանն ընդգծում է, որ վաղ հայտնաբերումը մեծ նշանակություն ունի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու համար։

«Եթե պատշաճ խնամք ցուցաբերվի, հիվանդության զարգացումն ավելի դանդաղ կլինի, և մարդը կկարողանա ավելի երկար պահպանել հիշողություններն ու կարողությունները։ Ցավոք, շատերը ուշադրություն չեն դարձնում սկզբնական նշաններին։ Գալիս են, ասում են, որ իրենց հարազատը մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում կորցրել է հիշողությունը»,- ասում է նա։ «Բայց դա դանդաղ գործընթաց է, որը տարիներ է պահանջում: Հարազատը նկատում է, երբ իրավիճակն արդեն բարդացել է. Մինչդեռ, եթե ամենօրյա այցելություններ լինեին հիշողության սրճարաններ կամ հիշողության մարզումներ կատարեն, կարողություններն ու կենսական հմտություններն ավելի դանդաղ կջնջվեն»։

64-ամյա Մարկոս Մարկոսյանի և նրա կնոջ՝ 64-ամյա Վարդուհի Չմբթյանի համար «Հիշողության սրճարանը» նոր հնարավորություն էր ու հիվանդությունը կանխարգելելու միջոց։  

«Կնոջս մոտ սկսվեցին փոփոխությունները ու սկզբնական շրջանում դիմեցինք բժշկի։ Նա ասեց Ալցհայմեր հիվանդություն է, որը զարգանալու է մինչև կյանքի վերջ։  Գնալով վիճակը բարդանալու է։ Հիմա հասել է այն աստիճանի, որ  չի ճանաչում ինձ ու երեխաներին։ Տեսնում է, որ  միշտ  կողքն եմ, խնամում եմ, հարցնում եմ, ո՞վ եմ ես, ծիծաղում է,  չի կարողանում  արտաբերել բառերը»,- ասում է Մարկոսյանը։

Տղամարդը որոշեց կնոջը մի օր բերել սրճարան և,ի վերջո, որոշեց ինքն էլ միանալ սրճարանին,  որ կինը իրեն միայնակ չզգա:

Տիկին Վարդուհու հիշողությունից ջնջվել են բոլոր կարևոր ու անկարևոր փաստերը, բայց դրանից  ամուսնու սերը, խնամքն ու հոգատարությունը չի պակասել, այլ կրկնապատկվել է։ 

Սրճարանի սոցիալական աշխատող  Մարիամ Բադալյանը հիշում է նրանց առաջին այցը․  

«Պատկերացնում եք, տիկին Վարդուհին երեք ժամ նայում էր պատուհանին ու սպասում։ Երբ եկավ ամուսինը, նա վեր կացավ ու ժպիտով ասեց․ “Եկար”, հետո ինձ փաթաթվեց ու ասաց․ “Մերսի, որ եկավ”։  Ես չգիտեի ինչ էր կատարվում ինձ հետ, փշաքաղվել էի, հետո հասկացա, որ նա  մտածում էր, որ  իրեն մենակ են թողնելու։ Հետագայում ամուսինը սկսեց նրան ընկերակցել։ Այս հիվանդությանը հաղթահարելու ամենալավ բանաձևը սերն է»։


Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Բոլոր արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա