Հայաստանում տրանս համայնքը հանդիպում է վախի ու անտեսման
Մարիայի* համար՝ տրանսգենդեր կնոջ և սեքս աշխատողի, նույնիսկ խանութ գնալն է հղի ռիսկերով: «Երբ իջնում ես խանութ, կարող ես ենթարկվել նվաստացման ու ոտնձգությունների։ Նույնն է նաև փողոցում։ Տրանսպորտի մասին խոսք լինել չի կարող, ոչ մի տրանս մարդ հասարակական տրանսպորտից չի օգտվում։ Բոլորը պարզապես տաքսիներից են օգտվում»,- ասում է նա,- «Շատ դաժանություն կա [աշխարհում]»:
ԼԳԲՏ համայնքը Հայաստանում պաշտպանված է սահմանադրությամբ սահմանված մարդու իրավունքներով, սակայն համատարած հոմոֆոբիան ու խտրականությունը դժվարացնում են մարդկանց պաշտպանությունը։
«Right Side» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը նշում է, որ մեծամասնությունը ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական, և նրանց գլխում մի շարք կանոններ կան, թե ինչպիսին պետք է լինի մարդը և ինչ պետք է անի։
«Մարդն անպայման պետք է լինի տղամարդ կամ կին, անպայման ցիսգենդեր և հետերոսեքսուալ: Ինձանից ակնկալվում է ընտանիք կազմել, երեխաներ ունենալ»,- ասում է նա։ «Մարդիկ պատրաստ չեն ընդունել այն փաստը, որ կան ծիածան-մարդիկ, որոնք չեն տեղավորվում աշխարհի երկբաժան ընկալման համակարգում»:
Տրանս կին և ակտիվիստ Լիլիթը 2016 թվականին ստեղծեց «Right Side»-ը՝ պաշտպանելու ինչպես տրանս մարդկանց, այնպես էլ սեքս աշխատողների իրավունքները: Լինելով միակ տրանս կինը, ով երբևէ ելույթ է ունեցել Հայաստանի խորհրդարանում, Լիլիթն առաջիններից էր, ով առերեսվեց անհավասարությանն ու խտրականությանը: Նա նշում է, որ իրենց համար մասնավորապես առողջապահական ծառայությունների հասանելիությունը դժվար է և կարող է վտանգավոր լինել:
Լիլիթի խոսքով՝ խնդիրն ավելի սուր է, քանի որ 2025 թվականից Հայաստանի քաղաքացիները կանցնեն համընդհանուր բժշկական ապահովագրության՝ բացառությամբ տրանս մարդկանց համար նախատեսված ծառայությունների։ Առանց ապահովագրության, նրանց համար հորմոնալ թերապիան աննախադեպ թանկ կարժենա։ Բացի այդ, այսօր Հայաստանում տրանս մարդկանց համար ոչ մի բժիշկ հորմոնային թերապիա չի իրականացնում։
Լիլիթի համար կենսականորեն կարևոր է, որ տրանսմարդկանց համար հասանելի լինեն իրենց անհրաժեշտ բոլոր ծառայություններիը՝ սկսած ընդհանուր հետազոտություններից մինչև համապատասխան հորմոնների ստացում:
«Մենք առաջին եւ հիմնական կազմակերպությունն ենք Հայաստանում, որը զբաղվում է տրանս անձանց խնդիրներով, անմիջականորեն շփվում ենք Առողջապահության նախարարության, Արդարադատության նախարարության հետ»,- ասում է նա։ «Բացի այդ, մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Օրինակ՝ մի ծրագիր ունեինք, երբ 20-ից ավելի տրանս մարդկանց տրամադրեցինք հորմոնալ թերապիա, ընդհանուր բժշկական հետազոտություն, էնդոկրինոլոգի հետ հանդիպումներ եւ այլն։ Բացի այդ, մենք ներկայումս աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի սկսենք Հայաստան բարձրորակ դեղամիջոցների և հորմոնների մատակարարումը, քանի որ տրանս մարդկանց համար անհրաժեշտ բազմաթիվ հորմոններ ներկայումս Հայաստանում բացակայում են։ Շփվում ենք նաև արտասահմանյան էնդոկրինոլոգների, հոգեբանների հետ։ Ինչպես նաեւ մարդկանց, ովքեր կարող են վերապատրաստել տեղի էնդոկրինոլոգների՝ տրանս մարդկանց օգնելու համար»:
Շատ տրանսգենդեր մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում ընդունում են հորմոնալ դեղամիջոցներ, ինչը նշանակում է, որ նրանք պետք է կանոնավոր հսկվեն բժիշկների կողմից: Բացի այդ, սեռափոխությունն ինքնին նույնպես պահանջում է բժշկական ուշադրություն, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից:
«Սեռափոխության ժամանակ մարդը կարող է ունենալ այնպիսի հոգեբանական խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան, ապատիան, վախերը, ֆոբիաները, անհանգստությունը, կասկածները, խուճապի նոպաները և այլն»,- ասում է կլինիկական հոգեբան Վերգինե Տեր-Գասպարյանը։
«Սեռափոխության արդյունքում մարդիկ հաճախ բախվում են հասարակության կողմից խտրական վերաբերմունքի, ինչը հանգեցնում է մշտական սթրեսային վիճակի։ Այդ իսկ պատճառով սեռափոխության մասին որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է երկարաժամկետ հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն անցկացնել։ Մարդը պետք է կարողանա ձերբազատվել առկա հոգեբանական խնդիրներից, որոնք ունեցել է, աշխատել անցնել անցյալի բոլոր տրավմատիկ փորձառությունների միջով և գիտակցել, որ իր որոշումը կայացվել է ադեկվատ և առողջ հոգեվիճակում։ Սեռափոխությունը չի կարող կատարվել բացառապես ձեր ցանկության հիման վրա: Դա պետք է հոգեբանորեն և կենսաբանորեն անհրաժեշտ լինի, և այս դեպքում սեռափոխություն կարող է իրականացվել»։
Այսօր հայ տրանսգենդերները խտրականության են ենթարկվում ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ հոգեբանական ծառայություններ մատուցողներիի ու թերապևտների կողմից։ «Right Side» ՀԿ-ի ԼԳԲՏ+ ակտիվիստ 21-ամյա Հենրին նշում է, որ ոմանց համար վտանգներն այնքան մեծ են, որ նրանք բժշկին դիմելու փոխարեն ընկերներին են դիմում՝ հորմոնների անուններն ու դեղաչափերն իմանալու համար:

«Հայաստանում միայն մի քանի հոգեբաններ կան, որոնց իսկապես կարելի է հոգեբան համարել, քանի որ շատերը դեռևս համասեռամոլությունն ու տրանսգենդերությունը հիվանդություն և հոգեկան շեղում են համարում և փորձում են մարդկանց «բուժել» դրանից»,- ասում է նա։
Հայաստանում, թեև տրանս լինելն այլևս պաշտոնապես հիվանդություն չի համարվում, օրենսդրական մակարդակում դեռ չկան այդ հասկացությունների հստակ սահմանումները։
Երբ Կարենը*՝ միջին տարիքի տրանսգենդեր տղամարդ և տրանսակտիվիստ, սկսեց իր սեռափոխման գործընթացը, դեռևս պահանջվում էր, որ նա հոգեբուժական պետական կլինիկայի կողմից պաշտոնապես ախտորոշվի որպես տրանսսեքսուալ:
Թեև դա այլևս անհրաժեշտ չէ, սակայն դեռեւս բազմաթիվ այլ անհիմն մարտահրավերներ կան. մասնագետների բացակայության պատճառով սեռափոխվող մարդիկ մեկնում են արտերկիր կամ բժիշկ են հրավիրում Հայաստան: Տրանս համայնքի համար նույնիսկ կարող է դժվար լինել բժիշկներ գտնել, ովքեր պատրաստ են իրենց սպասարկել:
«Եղել են դեպքեր, երբ մարդիկ դիմել են հիվանդանոց, և բժիշկները հրաժարվել են նրանց սպասարկել, պարզապես դուրս են արել»,- ասում է նա,- «Իրավիճակը մի փոքր լավանում է, այնուամենայնիվ, պատահում է, որ երբ բժիշկները հասկանում են, որ մարդը տրանս է, սկսում են անհանգստացնել նրան կամ ստիպում հեռանալ…Նման դեպքերը շատ են, հատկապես մարզերում, որոտեղ էլ ավելի պահպանողական են, եւ որտեղ բոլորը բոլորին ճանաչում են։ Անանուն մնալն անհնար է, իսկ եթե ինչ-որ մեկն իմանա, որ դու տրանս մարդ ես, մղձավանջ կսկսվի»։
Արդյունքում, Հայաստանում տրանս մարդիկ հաճախ նախընտրում են խուսափել բժիշկներից, ինչը կարող է վտանգի ենթարկել նրանց, հատկապես, երբ նրանք հորմոններ են ընդունում: Հենրին նաև նշում է, որ երբեմն բժիշկները հրաժարվում են իրենց պաշտոնապես բուժելուց, սակայն կանխիկ գումար են վերցնում՝ «ոչ պաշտոնական» ախտորոշում և դեղատոմսեր տրամադրելու համար։ «Քանի որ այս ամենը տակից է արվում, հիվանդները չեն կարող բողոքել անբարեխիղճ բժիշկներից կամ նրանց սխալ գործելակերպից»,- նշում է նա։
«Ինձ նույնիսկ թվում է, որ շատ տրանս մարդիկ աղոթում են Աստծուն, որ չհիվանդանան, որպեսզի ստիպված չլինեն դիմել որևէ առողջապահական կազմակերպության կամ հիվանդանոցի», - ասում է Մարիան:

Չայխանայի մեկնաբանության խնդրանքին ի պատասխան՝ Հայաստանի Առողջապահության նախարարության ադմինիստրացիան նամակում նշել է, որ կառավարությունը մի քանի տարի բուժում է տրամադրում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ խոցելի» խմբերին, և սեռափոխության ձգտող քաղաքացիների համար «հատուկ ծրագրերի» իրականացման պլաններ չկան։ Նամակում նշվում է, որ նախարարությունը որևէ միջոց չի նախատեսում խտրականության հետ կապված խնդիրները լուծելու համար:
«Գլոբալ հիմնադրամի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ խոցելի խմբերի, այդ թվում՝ տրանսգենդերների և ԼԳԲՏՔ անձանց շրջանում սեռավարակների ախտորոշման և բուժման ծրագրեր:
Առողջապահության նախարարության կողմից սեռափոխություն կատարելու ցանկություն ունեցող անձանց համար հատուկ ծրագրեր նախատեսված չեն»,-նշել է նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը։
Լիլիթը նշում է, որ սպասարկումը հասանելի է, եթե տրանս մարդիկ պատրաստ են բժիշկներին վճարել երկու անգամ ավել գումար, քան բժշկական ծառայության պաշտոնական արժեքն է: Եթե կաշառքը վճարեն, բժիշկները «շատ քաղաքավարի կլինեն»։
«Բժիշկները վախենում են վնաս հասցնել իրենց հեղինակությանը, բայց ամեն ինչ կանեն փողի համար»,- ասում է նա։ «Մեզ անհրաժեշտ է խտրականության մասին օրենք և ատելության խոսքի մասին օրենք: Նաեւ բժշկական ծառայություններ մատուցելու մասին օրենք, քանի որ մենք չունենք այդ պրակտիկան: Այս պահին մենք օրենք չունենք սեռափոխության վիրահատությունների մասին: Դա օրինական կամ անօրինական չէ… Մենք դրա մասին չենք էլ խոսում: Մենք պետք է աշխատենք Առողջապահության և Արդարադատության նախարարության, նաեւ Ազգային ժողովի հետ, եթե մյուս երկուսը չօգնեն»:
* Անվտանգության նկատառումներից ելնելով` որոշ հերոսներ ներկայացված են այլ անուններով:
Պատմությունը պատրաստվել է Unit-ի՝ լրագրողների և ակտիվիստների ցանցի օգնությամբ, ովքեր աշխատում են ԼԳԲՏԻՔ+ թեմաներով:
նվիրաբերեք հիմա