Սևանի նվազումը․ փոփոխություն, որը տևում է մի ամբողջ կյանք

Լրագրող: Շուշան Աբրահամյան,

Լուսանկարիչ: Արտյոմ Միկրյուկով

26.06.23

Սևան քաղաքից թերակղզի տանող ճանապարհով անցնելիս՝ 90-ամյա Ռոլան Դավթյանը ցույց է տալիս մոտակա ժայռերի սպիտակ հետքերը։ Տարիներ առաջ ջուրն այդտեղ էր հասնում։ Հիմա լիճը շատ հեռու է, որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, որ այն երբևէ այդպիսի բարձրության է հասել։ 

Ո՛չ այդ ճանապարհը, ո՛չ էլ թերակղզին քաղաքին միացնող գնացքի գծերը գոյություն չունեին, երբ նա երեխա էր․ ամբողջ տարածքում լիճն էր։ Կղզի հասնելու միակ տարբերակը նավն էր։ 

Ջրային տրանսպորտի միլիցիայի նախկին պետ Ռոլանը մեծացել է Ցամաքաբերդ գյուղում, որն այժմ Սևան քաղաքի թաղամաս է։ Երևանից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքն այսօր շուրջ 18.800 բնակիչ ունի։

«Պատկերացրու էս Սևան քաղաքը թերակղզի էր, երկու կողմն էլ ջուր էր էլի․․․ Ես հիշում եմ՝ էդ տարածքով ջուր էր, էս կողմն էլ լիճն էր արդեն, Սևանը ընկնում էր որպես մի թերակղզի։ Քաղաքը թերակղզու վրա․ շատ հետաքրքիր էր, հիշում եմ ես էդ, սաղ հիշում եմ»։

Ռոլանը բացատրում է, թե ինչպես են փոխվել լանդշաֆտը և լիճը` իր կյանքի 90 տարիների ընթացքում:

Ռոլանը ապրել ու աշխատել է ջրի մոտ և ջրի հետ համարյա մեկ դար։ «Սեր էր էլի, սերը ո՞նց ա` տենց»,- ասում է նա՝ նշելով, որ ջուրը կարևոր դեր է խաղացել իր ընտանիքի տարբեր սերունդների համար։ Նրա հայրը ձկնորսական բրիգադի տնօրենն էր, իսկ աղջիկն այսօր աշխատում է լճի ու դրա շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ։ 

Մեծանալով ձկնորսի ընտանիքում՝ Ռոլանը հիշում է իր հոր ձկնորսական բրիգադը, ինչպես էին նրանք սպիտակ ձուկ բռնում։ «Ուրախանում էինք, փայլուն ձուկ էր»,- պատմում է նա։ Նրա հայրը հայտնի ձկնորս էր՝ պլանի գերակատարման համար Լենինյան մրցանակի արժանացած։ «Ինքը գործի մեջ շատ «ստռոգի», խիստ մարդ էր, իրա բանվորներով բան»,- ասում է Ռոլանը հիշելով, թե ինչպես էին Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ զորակոչված տղամարդկանց փոխարեն կանայք աշխատում  և հորը «Խազեյնա»-ով դիմում։ 

Նա հիշում է՝ ինչպես էր երեխա ժամանակ լճում լողում․ սկզբում հենց այն կողմում, որտեղ լիճն այժմ գտնվում է, հետո՝ մեծանալով՝ մյուս կողմում, որտեղ ջուրն ավելի խորն էր ու ավելի վտանգավոր։ Այդ կողմն այժմ ցամաքած է և լի բնակելի շենքերով․ այնտեղ, որտեղ առաջ ջուրն էր, այժմ նոր կյանքեր են։ 

Ռոլան Դավթյանի հոր բրիգադը՝ ձկնորսական արշավից առաջ. Նրա հայրը հայտնի ձկնորս էր եւ պարգևատրվել է Լենինի շքանշանով` իր պարտականությունները գերակատարելու համար:

Ջրի մակարդակը սկսել է արագորեն ընկնել 1933 թ․-ին, երբ խորհրդային նախագծի համաձայն լճից ջուր բաց թողնվեց՝ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով՝ բացատրում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը։

«Սովետական միությունը նոր էր ձևավորվում, Սովետական Հայաստանին և՛ էներգիայի պաշար էր պետք, և՛ ազատված հողատարածքներ․․․ Մի խոսքով՝ որոշեցին, որ եթե Սևանի մակարդակը իջեցնեն, ազատված հողատարածքները կօգտագործեն գյուղատնտեսական նպատակով, ջուրը կօգտագործեն էլեկտրականություն ստանալու նպատակով, մի քանի օգուտներ կունենան։ Իրականում, մի քանի տարի անցնելուց հետո նրանք հասկացան, որ շատ լուրջ էկոլոգիական սխալ են թույլ տվել, որովհետև հաշվի չէին առել մակարդակի իջեցման հետևանքները․․․ »

Էվելինա Ղուկասյանը կարծում է, որ ջրի մակարդակի փոփոխությունները լճերի ծերացման ամենակարևոր գործոնն են, և դրանց առաջացրած փոփոխությունները կարող են հանգեցնել էկոհամակարգի ճահճացմանը։  Մի օր, դա կարող է հանգեցնել Սևանի ամբողջական կորստին։

Նվազելու արդյունքում լճի հատակում գտնվող տիղմը մտնում է շրջանառության մեջ՝ հարստացնելով այն կենսածին տարրերով, որոնք էլ, իրենց հերթին, նպաստավոր պայմաններ են ստեղծում ջրիմուռների աճի համար՝ ասում է նա։ Ջրիմուռների արագ աճը, որը հայտնի է որպես լճի ծաղկում, անխուսափելիորեն վնաս է հասցնում նաև ջրի որակին։

Սևանա լիճ, մարտ 2023թ

Ռոլանն առաջին անգամ նկատել է փոփոխությունը, երբ 1950-ականների կեսերին վերադարձել է բանակից։ Երեք տարիների բացակայությունից հետո փոփոխությունն ակնհայտ էր։

«․․․ Լիճը, ես իրա մակարդակի հետ եմ ապրել, մեծացել․․․ Շատ եմ ափսոսում էլի․ նոր ժողովուրդը չեն տեսել, չեն իմանում, որ իմ աչքի առաջ ա էդ ամբողջը կատարվել, չորացել, իմ վրա շատ ա ազդում, ափսոսում եմ էլի․ հարյուր ափսոս․․․»։

Սոցիալական մարդաբան, Կենտրոնական Եվրոպական համալսարանի ասպիրանտ Արև Փափազեանն ուսումնասիրում է լիճը: Նա ասում է, որ ջրի մակարդակի փոփոխությունը կորուստ է տեղի բնակիչների համար։


«Կարծես թե խոսքի մակարդակում է կարևոր ջուրը, ջրի հետ կապը, քանի որ առօրյայի մեջ չի երևում, այլևս նույնքան ներկա չէ, վերածվել է խոսքի, և ամեն մարդ ասում է՝ Օ՜, Սևանի ջուրը, Սևանի ջուրը, Սևանը, Սևանը, Սևանը․․․ Ամբողջ երկիրը պահեց 90-ականներին, Սևանի ջուրը խմելու ջուր է՝ մաքուր, կարող ես բաժակով վերցնել, խմել, մինչդեռ իրականության մեջ հիմա բնավ այդպես չէ․ այնքան ապականված է, որ չես կարող խմել Սևանի ջուրը, բայց դեռ այդպես են ասում»։


Ռոլանը հիշում է այն օրը, երբ 1952թ. մայիսի 1-ին նորակառույց ճանապարհով առաջին անգամ մեքենայով գնաց թերակղզի: Հիշում է՝ ինչպես էին նշում «լավ» առիթը՝ նոր ճանապարհը, որով երբեմնի կղզի կարելի էր հասնել առանց նավակների։ «Ես ի՞նչ գիտեի․․․ չէինք հասկացել»,- հիմա ասում է նա։ 

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 72-ամյա Անահիտ Ավետիսյանը մեծացել է Սևան քաղաքում։ Նա հիշում է՝ ինչպես էին հիսուն-վաթսուն տարի առաջ տեղացիները մշակութային միջոցառումների համար գնում թերակղզի։ Երբ քամիները հանդարտվում էին և եղանակը՝ մեղմանում, , ամենաուշը հունիսին կամ հուլիսին բոլորը հավաքվում էին այնտեղ՝ սեզոնի «բացման» համար՝ պատմում է նա։ Ավանդական միջոցառումներ, փառատոններ, ցուցահանդեսներ էին անցկացվում։

Անահիտ Ավետիսյանը` Սևան քաղաքի իր բնակարանում, որտեղ մեծացել է և որոշել է անցկացնել իր կյանքը։

«Օրինակ՝ մտցրել էինք ամուսնությունների հանդիսավոր արարողություն՝ մի քանի զույգ [էին գալիս] էդ միջոցառման ժամանակ, հետո մյուս տարի էդ նույն զույգերը իրենց երեխաների՝ առաջնեկների հետ օրորոցներով են եկել միջոցառմանը»։

Թերակղզու՝ քաղաքին մոտ լինելը վերջինիս դարձրեց ավելի ակտիվ, իսկ հետո արդեն՝ ավելի զբոսաշրջային՝ ասում է սոցիալական մարդաբան Արև Փափազեանը։ Թերակղզուն այսքան մոտ լինելով ՝ սևանցիներն ականատես են եղել՝ ինչպես է կղզին վերածվել թերակղզու։

«Տարբեր պրոցեսների կենտրոնացման արդյունքում Սևան քաղաքում լճի էկոլոգիական և պատմական փոփոխությունների հետ կապված ուժեղ հիշողություն կա»,- ասում է նա։ 

Ըստ Էվելինա Ղուկասյանի՝ երբ 1964 թվականին լիճն առաջին անգամ սկսեց ծաղկել կապտականաչ ջրիմուռներով, դա հստակ ազդանշան էր, որ անհրաժեշտ է ջրի մակարդակի բարձրացման համար միջոցներ ձեռնարկել։ 1981թ.-ի գարնանը շահագործման հանձնվեց Արփա-Սևան ջրային համալիրը։

Ռոլանը հիշում է դրա շահագործման պատմությունը. նա ասում է, որ նախագիծն առաջին անգամ ներկայացվել է Կոմկուսի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին՝ վերջինիս Սևան այցելության ժամանակ։

«Խրուշչովն եկավ Սևան ․․․ Կերավ, հիսուն տարվա կոնյակը խմավ, էդ ժամանակ էլ էդ պրոյեկտը պատրաստ դնում են առաջը՝ նայի վրեն, հենց հիմի ստորագրի, ասում են՝ էս գեղեցկուհին կարելի՞ ա ցամաքացնել»։

Անահիտ Ավետիսյանը հիշում է համալիրի կառուցման ժամանակ ընդհանուր ոգևորությունը։  Նա պատմում է, թե ինչպես, երբ ինքը դեռ երեխա էր, մարդիկ նույնիսկ ֆիլտրացված ջուր էին խմում լճից․ մի բան, որն այսօր քչերն են պատկերացնում: 

Անահիտը (վեց-յոթ տարեկան), ավագ քույրը և մայրը։

Անահիտի հայրը և նրա ընկերը՝ թերակղզու մոտ.

Այնուամենայնիվ, նույնիսկ համալիրի շահագործման պայմաններում ջրի մակարդակը շարունակում է ամեն տարի իջնել:

Էվելինա Ղուկասյանը բացատրում է, որ լճի էկոհամակարգի բնական տատանումները  խախտված են եւ այժմ ամենակարևորն այն է, որ գոնե ջրի վիճակը ավելի չվատանա։

Քանի որ ջրի մակարդակը բարձրացնելը մեծ ծախսեր է ենթադրում, պետք է գոնե այն ստաբիլ պահելու ուղղությամբ աշխատել՝ նշում է նա։ Էվելինա Ղուկասյանի խոսքերով՝ վերջին տարիներին իրենց ինստիտուտը օգնել է նոր օրենք մշակել, որով արգելվում է ջրի բացասական բալանսը, այսինքն՝ ջուրը կարող է բարձրանալ, բայց իջնել՝ ոչ։ 

Սևանին այդքան մոտ ապրելով՝ Ռոլան Դավթյանն ու Անահիտ Ավետիսյանը երբևէ հարցականի տակ չեն դրել լճի հետ իրենց կապը, ոչ էլ այն, թե ինչպես են իրենց կյանքերը կապված ջրի փոխակերպումների հետ։  

Իր տնից դեպի մայրուղի ու հանրային լողափ տանող ճանապարհը նկարագրելիս՝ Անահիտ Ավետիսյանը ասում է, որ ամենօրյա զբոսանքը դեպի լողափ, անկախ եղանակից, սևանցիների ավանդույթն է։  Նա ցույց է տալիս իր դասարանցիներիների ու ընտանիքի անդամների հետ լուսանկարները, լուսանկարներ՝ իր մանկությունից և երիտասարդությունից՝ բոլորը անընդհատ փոփոխվող Սևանի ֆոնին։ Լիճ, որին ասում են «ծով», լիճ, որի ափը տարիներ շարունակ նա այցելում է գրեթե ամեն օր։ 

Ռոլանը դեռ հույս ունի, որ մի օր գուցե ջրի մակարդակը վերադառնա նախկին բարձրությանը, և կղզին կրկին կղզի դառնա։ Այնուամենայնիվ, ափսոսանքը մնում է․ 

“Էն ժամանակ էլ էինք ափսոսում, ո՞նց չափսոսեինք․ պատկերացրեք էդ  ժայռերը, որ կար, ջուրը գալիս էր․․․ Ահավոր մեծ ծով էր․․․” 

Սևանա լիճ, մարտ 2023թ

Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա