Իմպերիալիզմը հարվածում է ամենախոցելի խմբերին

Հեղինակ՝: Մարիա Զաքարյան

18.07.23

2022 թվականի փետրվարին, Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո, հարյուր հազարավոր ՌԴ քաղաքացիներ լքեցին իրենց երկիրը․ շատերն եկան Հայաստան։

Թեև միգրացիայի ալիքը խթանեց Հայաստանի տնտեսությունը, սակայն հանգեցրեց նաեւ տան վարձավճարների աճին, որի պատճառով էլ մատչելի բնակարան գտնելը շատ դժվարացավ։ Այսօր՝ ռուսների արտագաղթից մեկ տարի անց, մայրաքաղաք Երևանում վարձակալության գները 30-40 տոկոսով ավելի բարձր են, քան նախկինում։

Օրինակ՝ 2022 թվականի սկզբին մեկ սենյականոց բնակարանի վարձը կազմում էր 100.000 դրամ (250 դոլար)։ Այսօր նմանատիպ անմխիթար վիճակում գտնվող բնակարանն արժե ամսական 180.000 դրամ։

Ֆոտոլրագրող Մարիա Զաքարյանն ուսումնասիրել է, թե ինչպես է նոր իրականությունն ազդում երևանաբնակ երիտասարդ մասնագետների վրա՝ տանտերերի հետ լարվածության աճից մինչև սեփական քաղաքում անցանկալի լինելու զգացում ունենալը:

20-ամյա Ակսաննան՝ մարքեթինգային հաղորդակցության մասնագետ, մոտ չորս ամիս բնակարան էր վարձակալում իր սենյակակցի հետ, երբ տանտերը նրանց ասաց, որ նոր տնվորներ է գտել՝ մի ռուս զույգի: Ակսաննան և նրա սենյակակիցը մոտ երկու շաբաթ ժամանակ ունեին տեղափոխվելու համար:

«Դա այն ժամանակ էր, երբ ռուսների երկրորդ հոսքը Հայաստան եկավ՝ զորահավաքի հայտարարությունից հետո [2022 թվականի սեպտեմբերին]։ Հայաստանում վարձակալության գներն այնքան բարձր էին, որ 150.000 դրամով (390 դոլար) կարելի էր միայն մեկ սենյակ վարձել, այն էլ ինչ-որ մեկի տանը»,- ասում է Ակսաննան։

Ակսաննան ապրում էր ընկերների հետ ու միաժամանակ նոր բնակարան փնտրում։ «Ես շատ պահանջներ չունեի, ինձ պարզապես քնելու ու լողանալու տեղ էր պետք: Ես համաձայնեցի այստեղ մնալ, քանի որ շատ տարբերակներ չունեի», - ասում է նա:

«Տանտերերը որոշել են գումար աշխատել ժամանակավորապես այստեղ տեղափոխված մարդկանց հաշվին, ովքեր այսօր այստեղ են, իսկ վաղը՝ ոչ։ Նրանք հաշվի չեն առնում այդ մարդկանց ազգային պատկանելությունը, կամ թե ինչ խնդիրներ կարող են նրանք առաջացնել»։

Ակսաննան նշում է, որ ռուսների հոսքն ավելի շատ խնդիրներ է առաջացրել, քան պարզապես գների բարձրացումը։ Օրինակ, նոր ժամանածներից շատերը խոսում են միայն ռուսերեն, և ակնկալում են, որ տեղացիները իմանան իրենց լեզուն:

«Լեզուն կարող է բողոքի ձև լինել. Վրաստանում, օրինակ, տեսնում ենք, թե որքան անհարմար են զգում ռուսները, քանի որ ռուսերեն չեն պատասխանում նրանց։ Ես կարծում եմ, որ մենք պետք է նույնը անենք և դադարենք հարմարվել ռուսներին: Նրանք պետք է փորձեն տեղավորվել մեր մշակույթի մեջ, հարմարվել մեզ»։

Պրոդուկտ դիզայներ 29-ամյա Սոնա Քեյանը Ամանորին ստիպված է եղել նոր բնակարան գտնել, քանի որ տանտերը պահանջել է, որ դեկտեմբերի 28-ին ազատի բնակարանը: Նա ընդամենը մեկ օր ժամանակ է տվել տունը մաքրելու և դուրս գալու համար:

«Ասաց, որ գինը կրկնապատկելու է, և եթե չհամաձայնեմ վճարել, կարող եմ գնալ։ Ես ասացի՝ շնորհակալություն Ամանորյա նվերի համար: Հետո շատ հարցուփորձ արեցի, որպեսզի կարողանամ բնակարան գտնել: Անընդհատ թարմացնում էի list.am կայքը, երբ տեսա այս տունը։ Հայտարարությունը տեղադրվել էր 15 րոպե առաջ. բախտս բերեց»:

Սա Ռուս-Ուկրաինական պատերազմից հետո Սոնայի երրորդ բնակարանն է։ Անցյալ տարի՝ սեպտեմբերին, տանտերերը նրան հայտնել էին, որ եթե նա ցանկանում է մնալ այն բնակարանում, որտեղ ապրում է արդեն մեկ տարի, ապա պետք է ամսական վճարի 1000 դոլար։ «Նա զանգեց ինձ ու ասաց, որ վարձը բարձրացնում է, քանի որ լսել է, որ կողքի հարևանը նույնպես բարձրացրել է»: Սոնան շատ էր սիրում այդ բնակարանը։ «Ես շատ կապված էի դրան: Հիմա էլ, երբ անցնում եմ կողքով, հիշում եմ ու տխրում»։

Սոնան ասում է, որ հասկանում է, որ ռուսները դժվարությունների միջով են անցնում, բայց հաճախ թվում է, թե նրանք Հայաստանում ավելի շատ արտոնություններ ունեն, քան հայերը։

«Այնուամենայնիվ, ես հակառուսական քարոզչության կողմնակից չեմ, ես նրանց հետ շատ լավ եմ, և, ամեն դեպքում, շատ տհաճ է, երբ տանտերերը փորձում են նրանցից գումար շորթել։ Իրենք մեղավոր չեն, որ ստիպված են եղել փախչել ու զրոյից նոր կյանք կառուցելու փորձ են անում, բայց մարդիկ օգտվում են այդ վիճակից, ու դա գեղեցիկ չէ»։

Այսօր Սոնան գոհ է իր բնակարանից և հույս ունի, որ կկարողանա մնալ։ «Շատ կուզենայի կատու պահել, բայց այս ամենի պատճառով չեմ կարողանա, որովհետև չգիտեմ, թե հետագայում ինչ կլինի, հնարավոր է նորից ստիպված լինեմ դուրս գալ տնից։ Առայժմ ես փողոցի կատուներին եմ խնամում»:

Հաղորդակցման մասնագետ 27-ամյա Սոնա Գրիգորյանը 15 օր ուներ բնակարանը լքելու համար այն բանից հետո, երբ տանտերը նրան ասաց, որ 2022 թվականի սեպտեմբերին կրկնապատկում է վարձը։ 

«Անկեղծ ասած, երբ մենք եկանք տեսնելու այս բնակարանը, այն ինձ այնքան էլ դուր չեկավ, և ես չէի ուզում վերցնել այն», - ասում է Սոնան: «Երբ եկանք այստեղ, տեսանք ընտանիքին, որն այստեղ էր ապրում, բայց նույն պատճառով ստիպված էր լքել բնակարանը։ Զույգ էր, տատիկ ու փոքր երեխա, իսկ կինը հղի էր։ Ինձ թվում էր՝ ես էի պատճառը, որ նրանց ստիպողաբար դուրս էին հանում բնակարանից։ Ինձ համար դա տհաճ էր, բայց հանգամանքներն էին այդպիսին»։

«Բնակարանների որակը պետք է համապատասխան լինի այդ գնի հետ, Ռուսաստանում կամ Վրաստանում գոնե տեսնում ես, թե ինչի համար ես վճարում։ Հիմա պայմանագիր ունեմ, բայց չեմ կարծում, որ դա մեծ ուժ ունի․ կա պայման, որ տանտերը պետք է ինձ ծանուցի մեկ ամիս առաջ»։ 

Հինգ ամիս նոր տեղում ապրելուց հետո Սոնան վերջապես սկսում է իրեն զգալ ինչպես տանը. «Յոթ ամսից մենք պետք է լքենք այս բնակարանը, բայց ես նոր եմ վարժվում դրան։ Պայմանագիրն ավարտվում է, չգիտեմ՝ կերկարացնեն, թե ոչ… գուցե ասեն՝ «բնակարանի տերը եկել է, դու պետք է գնաս»։ Ամեն ինչ կարող է պատահել։ Ապահովության զգացում չկա»։ 

Սոնան ասում է, որ ամեն ինչ հասել է մի կետի, երբ ինքը սկսել է իրեն երկրորդ կարգի մարդ զգալ իր երկրում․ մի զգացողություն, որը նախկինում ուներ, երբ ապրում էր Մոսկվայում: «Ես սկսեցի շատ վերլուծել իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչ աստիճանի է այս մարդկանց իմպերիալիզմի զգացումը։ Ես չեմ ասում, որ բոլոր ռուսներն այդպիսին են, ուղղակի սրանք իմ մտքերն են ու անարդարության զգացումը, որ ես անընդհատ զգում եմ»,- ասում է նա:

«Քանի որ ծնվել ես Հայաստանում, քեզ հետ միշտ ինչ-որ բաներ են պատահելու, իսկ հարուստները ջրից միշտ չոր են դուրս գալու։ Ասենք՝ որտե՞ղ եք տեսել սպիտակամաշկ հարուստ փախստականի, որը նեղվում է, որ Starbucks չկա։ Եվ ես չեմ կարծում, որ նրանք արժանի են այն հյուրընկալությանը, որ իրենց ցույց են տալիս այստեղ»։

Սոնան սակայն հավելում է, որ ռուսների հոսքը երկիր որոշակի դրական փոփոխություններ էլ է բերել: «Հայերը սկսել են ավելի բազմազան հագնվել և իրենց ազատ զգալ, հատկապես կանայք և քվիր մարդիկ»,- ասում է նա։ «Գուցե այս առումով մի քիչ ավելի ապահով է դարձել»։ 


Այս ֆոտոպատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա