Մանկատնից դուրս՝ ճանապարհ դեպի տուն
Նրանք այն անվանում են «տուն»: Եվ իրոք «Մեր տան» 16 կին բնակիչների համար Էջմիածին քաղաքում գտնվող երկհարկանի այս շինությունն իրապես միակ տունն է, որ նրանք գիտեն:
Հայաստանում իր ձեւի մեջ միակ այս կառույցը` «Մեր տունը», հասարակական կազմակերպություն է, որն օթեւան է տալիս մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս այն աղջիկներին, ովքեր ուզում են կրթություն ստանալ կամ շարունակել իրենց ուսումը: «Մեր տանը» նրանք ապրում են չորս տարի` այդ ընթացքում սովորելով էջմիածնում կամ մայրաքաղաք Երեւանում:
Տանիք եւ կրթություն տրամադրելուց բացի, այս տարածքը հասարակության տնտեսապես ամենախոցելի անդամներին ապահովում է նաեւ անկախ կյանքի համար անհրաժեշտ միջավայրով:
«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի համոզմամբ` առանց ընտանիքի եւ ֆինանսական օգնության, մանկատան եւ գիշերօթիկ դպրոցների իգական սեռի ներկայացուցիչները 18 տարեկանը լրանալուց հետո թրաֆիքինգի ենթարկվելու մեծ վտանգի առջեւ են հայտնվում: Քանի որ սա այն տարիքն է, երբ նրանք պետք է լքեն այդ հաստատությունները:
Կարապետյանը, ով նախկինում աշխատել է CASP կազմակերպությունում (Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմին առընթեր աղքատության դեմ պայքարի նախաձեռնություն) ասում է, որ 12 տարի առաջ հիմնել է այս տունը, որպեսզի «աղջիկները զգան, թե ինչ է նշանակում ընտանիք ունենալը»։
«Ես մտածում էի նրանց որեւէ կերպ օգնելու մասին... աղջիկների մեղքը չի, որ ծնողները թողել են իրենց: Մենք պետք է ինչ-որ բան անենք` կանխելու նրանց կողմից հնարավոր ճակատագրական սխալները, հատկապես այս տարիքում»,-ասում է 53-ամյա Կարապետյանը:
Կարապետյանն իր համահիմնադիր գործընկերոջ` ամերիկահայ Ջուլիա Աշեկյանի օգնությամբ` ավելի քան 60 աղջիկների ապահովել է սնունդով, տանիքով, հագուստով, առողջապահական խնամքով եւ հոգացել կրթության ծախսերը: Կազմակերպությունը համագործակցում է մանկատների, գիշերօթիկ դպրոցների, Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հետ: Տիգրանուհի Կարապետյանին ներկայացնում են հատկապես այն աղջիկներին, ովքեր հակված են կրթություն ստանալ կամ ուսումը շարունակել: Տվյալ թեկնածուի հետ կապված քննարկումներ են կազմակերպվում թե մանկատան տնօրենների, թե նախարարության աշխատակիցների հետ եւ թե «Մեր տունը» կազմակերպության տնօրինությունում, որտել էլ կայացվում է վերջնական որոշումը:
Ուսման ծախսերը (որը յուրաքանչյուր անձի համար կազմում է տարեկանը նվազագույնը 400,000 դրամ կամ 836 դոլար), հոգում է Հայաստանի կառավարությունն ու Հայ օգնության ֆոնդը, մնացած ծախսերը` «Մեր տունը» (ներառյալ սոցիալական աշխատողի եւ հոգեբանի վարձատրությունը):
Տանը գործում է ներքին կանոնակարգ: Դասերից դուրս հանդիպումների գնալիս, բնակիչները պարտավոր են գրավոր դիմում ներկայացնել` նշելով վերադառնալու ժամը եւ այն մարդու կոնտակտային տվյալներն, ում հետ հանդիպում են: Նրանք պետք է նաեւ իրենց մեջ բաժանեն տնային պարտականությունները, քանի որ խոհարար եւ մաքրուհի չկա:
«Երբ դասից դուրս եմ գալիս ու մի քիչ ուշանում, ինձ զանգում են տանից, հարցնում, թե ինչո՞ւ եմ ուշանում... այդ ամենը հույս է տալիս ու վստահեցնում քեզ, որ կան մարդիկ, ովքեր մտածում ու անհանգստանում են քեզ համար, վերջապես սպասում են քեզ»,-ասում է Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, քաղաքացիական պաշտպանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհին Նելլի Շաղբաթյանը:
«Գուցե փաստաթղթերով քո տունը չէ, բայց դու միշտ զգում ես քեզ ինչպես տանը: Այստեղ իմ ընտանիքի ջերմությունն եմ զգում, այստեղ մեծ սեր կա բոլորի կողմից ՝երեխեքի, աշխատակիցների, տնօրենի»,-հավելում է 21-ամյա Նելլին, ով Վանաձորի մանկատնից է եկել:
Երեւանի պետական մանկավարժական համալսարանի 19-ամյա ուսանողուհի Արփինե Գրիգորյանի հավաստմամբ, ընտանիքի անդամներից շատերի համար խոհանոցը տան ամենասիրած անկյունն է:
Այնտեղ աղջիկներից մի քանիսը սեղան են գցում, մի մասը գազօջախի մոտ հայկական խաղողի թփով ու կաղամբով տոլմա են պատրաստում, մյուս մասը` ճակնդեղով աղցան:
Ոմանք էլ պարզապես զրուցում են:
Կազմակերպությունում շատ են խրախուսում խոհարարական հմտությունների ձեռքբերումն` ի պաշտպանություն ընդունված այն կարծրատիպի, թե մանկատան սաները չեն կարող լավ տնային տնտեսուհիներ դառնալ: Աղջիկները սովորում են նաեւ անգլերեն, ռուսերեն, կրոն, վարվեցողություն եւ ծրագրավորում:
Գուցե թվա, թե աղջիկների համար դժվար կլինի հեռանալը, սակայն, հնաբնակները կարծես թե պատրաստ են դրան։ Շաղբաթյանը, ով երկու տարուց պետք է լքի կազմակերպությունը, պատրաստվում է աշխատել քաղպաշտպանության համակարգում եւ միեւնույն ժամանակ տուն վարձել: Իսկ Մանկավարժական համալսարանի ուսանող Գրիգորյանն` արվեստի դպրոց բացել։
Սաների պաշտոնական առաքելությունն այդ անկախությունը խրախուսելն է: Տնօրենը շեշտում է, որ «Մեր տունը» պարզապես սոցիալական ծրագիր չէ:
«Յուրաքանչյուր աղջիկ տարբեր է: Պետք է անհատական մոտեցում ցուցաբերես նրանցից յուրաքանչյուրին` հաշվի առնելով իրենց ապրած կյանքն ու ունեցած խնդիրները»,-ասում է Կարապետյանը:
Նա մտահոգված է նաեւ աղջիկների ապագայով:
Մինչև օրս կազմակերպությունն ունեցել է 60 շահառուներ, նրանցից 17-ի հարսանիքը տեղի է ունեցել հենց այստեղ: Պատերին փակցված են նախկին բնակիչների հարսանեկան լուսանկարները` տարբեր մակագրություններով`«Մեր տան առաջին սերը», «Մեր տան առաջին հարսանիքը»: Կարապետյանն ասում է, որ արդեն 24 թոռնիկ ունեն:
Նա փորձում է լուծել աղջիկների աշխատանքի հարցը: Նշում է, որ թեեւ կրթության են տալիս, բայց շատերն ավարտելուց հետո դժվարությամբ են աշխատանք գտնում: Տիգրանուհին ցանկանում է էջմիածնում ռեստորան կամ հյուրանոց բացել, որտեղ աշխատանքի կտեղավորի «Մեր տան» բոլոր նախկին եւ ներկա բնակիչներին:
«Յուրաքանչյուրի ճակատագիրը շատ կարեւոր է մեզ համար: Մեր գերխնդիրն է, որ նորմալ ընտանիք կազմեն ու դառնան հասարակության ամուր բջիջ»,- ամփոփում է Կարապետյանը:
նվիրաբերեք հիմա