94-ամյա Ալիս Քեշիշյանը Սվետա Խաչատրյանի այցի նախորդ գիշերը չկարողացավ աչք կպցնել:
«Յուբկես պիդի հագնեմ, հոն մի տեղ է, նայիր», - ասում է նա Սվետային, երբ վերջինս ժամանում է: Սվետան ցանկանում է, որ Ալիսը լողանա, բայց Ալիսի համար ավելի կարևոր է Covid-19-ից ապաքինվելուց հետո նշել իրենց առաջին հանդիպումը: «Եկ, նստրի, խոսինք, կուզե՞ս՝ երգեմ»:

68-ամյա Սվետան 26 տարի պարբերաբար այցելում է Ալիսին՝ որպես Երևանում գործող «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության խնամատար: Սվետան խնամում է 17 տարեցների, որոնք կազմակերպության շահառուներն են:



Ալիսն առաջիններից էր, ում Սվետան պետք է խնամեր և այդ օրվանից նա շաբաթը մեկ անգամ այցելում էր կնոջը՝ օգնում լողանալ և հարդարվել:
Երբ ավելի քան քառորդ դար առաջ Սվետան հանդիպեց Ալիսին, աշխատանքը, որ պատրաստվում էր անել, բոլորովին էլ իր պլանավորածը չէր: Մասնագիտությամբ ինժեներ Սվետան 19 տարի աշխատել է Երևանի Սերգեյ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ինստիտուտը փակվեց, ավարտվեց նաև Սվետայի կարիերան ճշգրիտ գիտությունների ոլորտում: Նա երկու երեխաներին կերակրելու համար քիչ տարբերակներ ուներ։
Փեսան առաջարկել էր կապվել նախկին գործընկերոջ՝ Հռիփսիմե Կիրակոսյանի հետ, ով «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն էր հիմնել: Հռիփսիմեն նախազգուշացրել էր Սվետային, որ աշխատանքը դժվար է լինելու և փորձելու համար նրան մեկ շաբաթ ժամանակ տվել: 1995-ի օգոստոսին Սվետան սկսեց աշխատել առաջին շահառուների հետ:

«Ես այլ ելք չունեի: Պիտի էրեխեքիս պահեի: Ամուսինս աշխատելու հետ սեր չուներ, ստիպված էի ես աշխատել», - հիշում է Սվետան:
«Ես ինքս ինձ կրկնում էի՝ դու պիտի աշխատես, դու պիտի օգնես մարդկանց: Կապվեցի իրանց հետ, ամեն մեկի հոգսը, ցավը, ոնց որ իմը լիներ… Որ հետ եմ նայում, չեմ հավատում, թե ոնց ենք աշխատել՝ լույս չկար, ջուր չկար, ջեռուցում չկար»:

Սվետան հիշում է, թե աշխատանքը սկզբում որքան դժվար էր. համակարգիչը կառավարելուց նա անցավ տարեց մարդկանց օգնելուն․ նրանցից շատերը անկողնային հիվանդ էին, օգնում էր լոգանք ընդունել ու խնամում էր:
«Շատ դժվար եմ համակերպվել, պատկերացրու՝ դու նստած՝ հանգիստ աշխատում ես, հարմար կյանք ա ու ոնց որ իջնես ներքեւ», - ասում է նա: Սվետան նշում է, որ ժամանակի հետ շատ բան փոխվեց՝ օգնելով ուրիշներին, սկսեց օգնել նաև ինքն իրեն:
«Երբ ես մարդուն օգնել եմ, ես շատ թեթեւացած տուն եմ գնացել։ Շատ եմ ընկել ու հելել, դե էս կյանքը ու՞մ չգցեց ու հանեց, տենց էլ պետք ա լիներ», - ասում է նա:

Այս տարիների ընթացքում Սվետան մտերմացավ շահառուների հետ, ինչպես Ալիսի, որ նրա այցելությունների ժամանակ սիրում է զրուցել ու երգել: Նա մտերիմ է նաև 67-ամյա Կարինե Տոնոյանի հետ, որ 2100 շահառուներից ամենաերիտասարդն է։ Նրան «Առաքելություն Հայաստանն» օգնում է Երևանում և Հայաստանի վեց այլ մարզերում գործող տարեցների տնային խնամք ծրագրի միջոցով:
Սվետան շաբաթը մեկ այցելում է Կարինեին՝ մթերքներ բերում, օգնում ճաշ պատրաստել և մաքրել տունը: Նա Կարինեին նաև օգնում է լողանալ, նույնիսկ մազերն է ներկում: Կարինեի համար, սակայն, Սվետան ավելին է, քան օգնող ձեռքը: Նրա շաբաթական այցերը տոն են դարձել և ցրում են մենակ ապրելու ձանձրույթը:
«17 շահառու ունեմ, 17 տարբեր կյանքերով եմ ապրոմ: Ես օրական այցելում եմ երեք շահառուի և սովորաբար նրանց հետ մնում մի երկու-երեք ժամ, ինչքան մնաս՝ գործ կգտվի, քանի որ նրանք սովորաբար օգնող չունեն: Եթե ոչինչ էլ չլինի, նստում ես, հետները խոսում, խոսքի կարոտ են, ինֆորմացիայի կարոտ են ու մարդու կարոտ են, որ իրանց կլսի», - ասում է Սվետան:


Նա ասում է, որ շահառուներից շատերի համար ինքը միակ այցելուն է, որ ունենում են:
«Այ էդ ա ինձ զարմացրել. երեխաները կարող են թողնել իրենց ծնողներին և չխնամել նրանց… Պատահել ա՝ տեսել եմ, որ վատ ա շահառուն, զանգել եմ բարեկամներին, չեն էկել, հաջորդ օրը գնացել, տեսել եմ՝ մահացած, զանգել եմ, ասել եմ՝ մահացել ա, ասում էի ինքը վատ ա, կարող ա չլուսացնի», - ասում է նա:








«Մարդու բնավորության հետ գործ ունենալու աշխատանք ա, ու բարդ աշխատանք ա։ Էրեխեքը ոնց են, նույնն էլ մեծերն են՝ չար, խելոք, հանգիստ, կամակոր, բայց դե իրանք մնում են մարդ, ուրեմն մենք էլ պիտի մարդկային լինենք իրանց նկատմամբ»:
նվիրաբերեք հիմա