անԴՐԱՄԱ անՏՐԱՎՄԱ՝ վերաշարադրելով LGBTQI+ պատմությունները ԶԼՄ–ներում
«Լրատվամիջոցները դեռ սիրում են ներկայացնել քվիր մարդկանց որպես մոլորված, դրամատիկ․․․…հաճախ առանց փողի ու միշտ հիմնականում իրենց կյանքի շատ ամենավատ ու ցածր կետում»,- նշում է Նորա Պետրոսյանը:
«Բայց երբ ամեն ինչ փոխվում է, նրանց էլ հետաքրքիր չի»:
24-ամյա Նորան՝ պրոֆեսիոնալ դոմինատրիքս, լրատվամիջոցների ազդեցության ուժը զգաց բավականին երիտասարդ տարիքում: Նա ընդամենը 18 տարեկան էր, երբ իր ընտանիքից փախավ՝ բռնության պատճառով: Նրա պատմությունը լայն տարածում գտավ հայկական ԶԼՄ-ներում, որոնք հաճախ կենտրոնանում էին միայն պատմության որոշ կետերի վրա նյութի “սենսացիոնությունը” ապահովելու համար, իսկ այդ կետերը, բնականաբար բացասականն էին ու իհարկե տրավման:
«Եթե ես գրեի իմ մասին, ավելի շատ կպատմեի, թե ինչպես 18-ամյա երիտասարդ տղան, ով փախավ իր տնից ու թողեց ընտանիքը, որը բռնանում էր իր ինքնության ու անձի հանդեպ, տղան, ով սկզբում ստիպված փողոցում էր քնում ու գրպանում հազիվ 5000 դրամ ունենար, ընդամենը 1 տարում աշխատեց բավական գումար, որ քաղաքի կենտրոնում տուն վարձի ու իր կիրքը դարձրեց իր կյանքի գործ” ասում է Նորան, շարունակելով
«Ու այս պատմության մեջ չկա ոչ մարմնավաճառություն, թմրանյութ կամ կրիմինալ որևէ տարր, կարճ ասած ոչ մի բան, որը լրատվամիջոցներն այդքան սիրում են լուսաբանել՝ կապելով մեր համայնքի հետ… Կարևոր է կիսվել այլ պատմություններով էլ նաև այն պատճառով, որ դրանք ազդում են համայնքի ներսում մարդկանց վրա։ Նրանք պետք է տեսնեն կյանքի հնարավոր այլ տարբերակներ էլ, պատմություններ, որտեղ ամեն ինչ լավ է ավարտվում, ամեն ինչ ստացվում է ու առաջ գնում․․․նրանք պետք է տեսնեն, որ դա էլ է հնարավոր զարգացման գիծ»:
Նորան նշում է, որ լրագրողների հետաքրքրությունը նրա պատմության նկատմամբ թուլացավ, երբ նրա մոտ ամենը սկսեց կարգավորվել ու ինքը սկսեց ավելի լիարժեք, հանգիստ ու երջանիկ կյանքով ապրել
Նա հիշում է ռուսական հայտնի «Դոժդ» լրատվամիջոցի հրապարակած մի պատմություն, որը սկսվում էր այս տողով«Լավ կյանքը չէ, որ ստիպեց տրանսգենդեր Նորային դառնալ մարմնավաճառ»։
«Ուղղակի տարօրինակ է երբեմն խոսել մարդկանց հետ, պատմել քո պատմությունն ու հետո տեսնել, որ քո ասածներից ոչ մի բանն էլ տեղ չի հասել, մի բան էլ ավել՝ աղավաղվել է, շարունակում է նա՝ հավելելով, որ ինքը ցիգենդեր տղամարդ է, ով աշխատում է որպես դոմինատրիքս ավելի քան ութ տարի և իսկապես չի հասկանում, թե ինչպես կարող էր հարցազրույց վարողն այդ կերպ խեղաթյուրել իր կողմից տրված ինֆորմացիան:
«Հաճախ հենց այդպես է, ինչ ասես կվերածվի քո կյանքի հետ կապ չունեցող կլիշեավորված դրամատիկ տարբերակի, որն ավելի շատ համապատասխանում է նրան , թե քեզ ինչպես են ուզում տեսնել ու ներկայացնել ուրիշները», - նշում է նա: «Հենց ես սկսեցի փոփոխվել, ու՝ իմ կարծիքով, ավելի լավ, առողջ ու կայուն կյանք վարել՝ կայուն հարաբերություններով իմ բացված ՀԿ–ով ու իմ ստաբիլ աշխատանքով, մեդիա հետաքրքրությունը իմ հանդեպ թուլացավ, միգուցե որովհետև լավ կյանքը «թեժ» կամ «սուր» թեմա չի, ոչ էլ պրովոկատիվ։
Այսօր Նորան ամուսնու հետ ապրում է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։
Նրա գործը որպես դոմինատրիքս շարունակում է նրան բերել ստաբիլ եկամուտ, բայց իր “Fearless” ՀԿ–ն, ցավոք այլևս չի գործում։ Ըստ Նորայի մեկնաբանության նա ինքը փակեց ՀԿ–ն ու գիտակցաբար դուրս եկավ այդ դաշտից, որովհետև չէր ուզում տեսնել Հայաստանի LGBTQI+ համայնքի մութ ու անառողջ մրցակցային կողմը ու ինչպես են “մարդիկ տրորում իրար՝ դրամաշնորհներ ստանալու համար”։
«Այո, Հայաստանում մարդիկ երբեմն ագրեսիվ են լինում, բայց հիմնականում այդպես են, երբ տեսնում են, որ դու թույլ ես։ Ես վերջերս սկսեցի նաև գիտակցել, որ նրանց արձագանքներից շատերն ու ագրեսսիվությունն առհասարակ գալիս է նաև աղքատությունից: Այո, օրինակ ինձ տեսնում են գեղեցիկ շորերով, հաճելի վայրերում հանգստանալիս ու անմիջապես մի վատ բան են գրում լուսանկարիս մեկնաբանություններում, ոչ թե այն պատճառով, որ անպայմանորեն հոմոֆոբ են, այլ որովհետև մի 10-15 տարի չեն հանգստացել»,- ասում է նա։
«Իհարկե, իմ մասնագիտությունը, որն ինձ համար թերապիայի ավելի բազմաշերտ, սուր ձև է, հաճախ թե՛ լրատվամիջոցների, թե՛ հասարակության կողմից դիտվում է որպես մարմնավաճառություն: Ես իսկապես կցանկանայի, որ մարդիկ ավելի շատ հասկանային, թե դա ինչ է իրականում, բայց դե դա արդեն այլ թեմա է»:
Նորան նշում է, որ երեք տարի ղեկավարելով իր «Անվախ» ՀԿ-ն, ի վերջո լքեց կազմակերպությունը: Նա կարծում է, որ հաղորդակցման խնդիրը երկկողմանի է:
«Շատ կլիշեներ և ապատեղեկատվություն դեռևս շրջանառվում է հասարակության մեջ, նաև որովհետև մեր համայնքն էլ իր հերթին փակ է ու չի կոմունիկացվում: Հասարակության, պարզ մարդկանց և մեր համայնքի միջև մի մեծ արանք կա, որը հաճախ ավելի է մեծանում տարբեր ՀԿ-ների միջամտությամբ, որոնք շատ հաճախ… սրում են հասարակությունից մեկուսացվածության զգացումը»,- ասում է նա:
«Մեր համայնքի մարդիկ երբեմն իրենք իրենց անձն այպիսի ինքնամարգինալացված ու զոհային դիրքից են դիտարկում, որ ամեն ինչ միայն այդ եզրից են սկսում տեսնել, նույնիսկ երբ օբյեկտիվորեն սխալ բան են արել, ինչը ցանկացած մարդու մոտ էլ խնդիր կառաջացներ․․․»։
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ծնված ազգությամբ հայ 35-ամյա Միշա Բադասյանը նույնպես փորձում է ոգեշնչել հայերին իր՝ կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստական գործունեությամբ և սոցիալական աշխատանքով՝ միգրացիայի ու տեղահանման թեմանորվ։
Անկախ Ցյուրիխում հաստատված լինելուց, նա շարունակում է զբաղվել հայ հասարակության մեջ առկա տարատեսակ խնդիրներով, մասնավորապես տարբերվելու գլոբալ տաբուի խնդրով։ Այլության հանդեպ վախն այնքան խորն է մեր հասարակության մեջ արմատացած, որ նրա ընտանիքը դժվարությամբ համակերպվեց անգամ այն փաստի հետ, որ նա բուսակեր է դարձել 17 տարեկանում, նշում է Միշան։
«Ես ծնվել եմ հայկական ընտանիքում և մեծացել հետխորհրդային հասարակության մեջ: Երկուսն էլ իրենց հերթին պահպանողական երևույթներ են և կյանքի հին ձևաչափերը շրջանառող»,- նշում է նա։
«Ես հեռացել եմ Ռուսաստանից, երբ 20 տարեկան էի: Ես հեռացա, որ վայելեմ իմ ազատությունը Եվրոպայում»:
Եվրոպայում իր կյանքն ու սեռական ինքնությունը ավելի հանգիստ կրելու հնարավորությունը Միշային թույլ տվեց ավելի կենտրոնանալ արվեստի վրա, որը նրան միջազգային ուշադրության է արժանացրեց։ Հատկապես իր փերֆորմանսներից մեկը դարձավ ամենաքննարկվողներից՝ «Save the Date»–ը, որն ուսումնասիրում էր միայնությունը՝ մեկ տարվա ընթացքում 365 տղամարդկանց հետ սեքսով զբաղվելու փորձառության միջոցով։
Նախագծի իրականացման ընթացքում Միշան սկսեց սպառնալիքներ ստանալ ազգայնականներից, որոնք նրան մեղադրում էին «հայերի իմիջը վնասելու մեջ»։
Միշան ասում է, որ այս փորձառություններնն իրեն հետ չեն պահել ակտիվիստությունից, այլ ավելի շուտ ամրապնդել է իր համոզմունքը, որ հայկական մշակույթը դեռ շարունակում է կապել հայ լինելն ու Հայաստանն առհասարակ «դրամայի ու ցավի» հետ։
«Մարդիկ մնացել են անցյալում ու չգիտեն ինչպես վարվել ներկա իրականության հետ: Ցանկացած քննադատություն ողջունելի չէ։ Քեզ թույլ չի տրվում քննադատել քո հայրենիքը»,- ասում է նա՝ նշելով, որ որոշ ազգայնականներ ամեն ինչում սպառնալիք են տեսնում՝ իրենց պատկերացրած Հայաստանի վերականգնման համար ու դրա պատմական սահմանները վերադարձնելու իրենց տեսլականին, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում երկրում առկա իրական խնդիրներին, օրինակ վատ ճանապարհներին և այլն։
Նա տարիներ շարունակ զբաղվել է այնպիսի թեմաներով, ինչպիսիք են դեպրեսիան և մշակութային տարաձայնությունները, և այսօր ավելի շատ կենտրոնացած է հզորացման գաղափարի վրա և այն խնդիրների, որոնք կարող են մարդկանց միավորել, օրինակ՝ կենդանիների իրավունքները:
Նա ներկայումս աջակցում է Հայաստանում կենդանիների ապաստարաններին և խթանում բնապահպանական պատասխանատվության տարածումը: «Ես հասկացա, որ այդ հոգիները քիչ բան են ստանում այս աշխարհից, չնայած ամբողջությամբ, իրենց էության 100 տոկոսով նվիրվում են մեզ»:
Իսկ Նորան կարծում է, որ կրթությունն ու ինքնազարգացումն է այն բանալին, որն օգնում է մարդկանց գտնել ընդհանուր լեզու և խթանել հավասարությունը հասարակության մեջ:
«Դու չես կարող պարզապես պահանջել լավ վերաբերմունք քո նկատմամբ, եթե ինքդ մարդկանց վերաբերվում ես որպես թշնամիների, կամ փորձում սադրել նրանց ու լարել քո դեմ այն ժամանակ, երբ նրանց ավելի շատ անհանգստացնում է քո սոցիալական վարքագիծը, քան գենդերային ինքնությունը», - ասում է նա և ավելացնում. «Ես հավատում եմ, եթե ուզում ես լինել հասարակության մաս, դու պետք է առաջին հերթին տեսնես քեզ որպես այդ մաս, զգաս քո մեջ ուժը փոխելու ամեն ինչ: Հակառակ դեպքում, իսկապես ապացուցում ես, որ այդ տարօրինակ կերպարը տրանսգենդեր կնոջ՝ մարդկանց պրովոկացիայի ենթարկող, սեռաքաղց ու թմրամոլ, իրականում ճիշտ է, և մեր բազմազան համայնքը հասարակությանը ցուցադրում են միայն այդ անկյան տակ»:
Պատմությունը պատրաստվել է Unit-ի՝ լրագրողների և ակտիվիստների ցանցի օգնությամբ, ովքեր աշխատում են ԼԳԲՏԻՔ+ թեմաներով:
նվիրաբերեք հիմա