Հայացք Հայաստանից․ կարո՞ղ է դիտակետ փոխելը մեր պատմությունն էլ փոխել

Լրագրող: Էլլա Կանեգարիան,

Իլյուստրատոր: Մարի Գրիգորյան, Կատերինե Լեմեշինսկա

30.10.23

“Մեզ էլի ցեղասպանում են”․ առավոտս սկսվեց այս տեքստով, որը մեր ընդհանուր ընտանեկան չատին ուղարկել էր իմ ԱՄՆ–ում ապրող ընկերուհին։ 

Պանիկայի անսպասելի հոսքն ինձ վեր թռցրեց տեղաշորից․ ասես իմ տունն այդ պահին ռմբակոծեցին։ Բայց սա ուղղակի իմ կիսաքնած ուղեղն էր, որ ակտիվանում էր ու փորձում ինձ “հանել վտանգից” առավոտյան 4–ին, որովհետև այսպես նրան դեռ չէին արթնացրել։

Մինչ մյուս ընկերներս՝ ամենատարբեր ժամանակային գոտիներից միացան երկխոսությանը, փորձելով հասկանալ ինչն է դրդել մեզանից ամենահանգիստ մարդուն այդպես գրել, նա չաթում կիսվեց պատկերով, որը նրան այդքան հուզել ու շարքից հանել էր։ Պատկերը՝ երկու մասից բաղկացած կոլլաժ էր, մի հատվածում մեծ մարդկային հերթ՝ 1915 թվականի Ցեղասպանությունից, մյուսը՝ մեր օրերի լուսանկար, որում պատկերված էին Արցախը լքող մարդիկ։

Մարդկային հերթ։ Մարդիկ, ովքեր ինչ–որ բանի են սպասում։ Ինքնին հերթը այնքան հաճախ պատահող բան է, որը կարող ես ամեն պահ տեսնել ու ամեն պահ ընկնել դրա մեջ՝ սուպարմարկետում սպասելիս կամ բանկ այցելելիս կամ միգուցե մոդայիկ ինչ–որ ակումբ գնալիս։ Բայց մեր՝ հայերիս գիտակցության մեջ, մարդկային հերթը ենթագիտակցորեն արդեն վաղուց ասոցացվում է բացասականի հետ՝ դժբախտության, ցեղասպանության, տեղահանության ու մահվան։ Մոտ յոթ տարեկանում մենք իմանում ենք այս երևույթի մասին, ստանում այս ցավեցնող տեղեկությունն ու 1915 թիվը մխվում է մեր մտքում, մարմնում ու հոգում։ Էական չէ, թե որքան լավ կապրես հետո, որքան ինքնավստահ, ուժեղ ու ինքնագիտակից կդառնաս, 1915–ի հետ կապված յուրաքանչյուր տեղեկություն, անգամ բառ մեր սրտի աշխատանքն արագացնում է, շնչառությունը ծանրացնում ու մարմինը գցում սառեցման մեջ ու ամենը ճկվում է այս սերնդեսերունդ փոխանցված տրավմայի ծանրության տակ, որի մասին բոլորս գիտենք, բայց հասկանալու ու բուժելու քայլ չենք անում։

Հիմա մեր նորագույն պատմությունն էլ ունի իր հերթը, որը պատմում է էթնիկ հայերի ու իրենց դեմոկրատական, չճանաչված պետության պատմության մասին, որը, ցավոք, արդեն ավարտվեց, հանգեցնելով մասսայական տեղահանման Լեռնային Ղարաբաղից/Արցախից։ 

Հիմա մեր ժամանակակից պատմությունն էլ ունի իր հերթը՝ հերթ, որը ներկայացնում է բնիկ հայերի ու իրենց դեմոկրատական, չճանաչված Արցախ հանրապետության պատմության վերջին էջը, էջ, որի արդյունքում բնիկները տեղահանվեցին։

Հունվարի 1-ին այս հանրապետության ղեկավար Սամվել Շահրամանյանը հրաման է ստորագրելու պետական բոլոր կառույցները լուծարելու մասին։. 

Սա հայերիս համար մի ամբողջ շրջանի ավարտ է։ Միգուցե սա նաև կարելի է տեսնել, որպես նոր շրջանի կամ նոր գլխի սկիզբ։ Բայց մինչ մենք կկարողանանք հասկանալ, թե ինչ էր դա, ունենք շատ հրատապ անելիքներ՝ մասնավորապես Ղարաբաղից տեղահանված մարդկանց մասին հոգ տանելը։

Հոկտեմբերի 1-ի կեսօրվա դրությամբ Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100483-ի։ Անգամ նրանց մասին խոսելը երբեմն կոնֆլիկտներ է առաջացնում: Ոմանք ղարաբաղցիներին անվանում են փախստական, մյուսները նշում են, որ նրանք փախստական չեն, քանի որ հայ են։ Ես նախընտրում եմ հավատարիմ մնալ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից առաջարկվող «ներքին տեղահանված անձ» պաշտոնական տերմինին:

Բայց ինչ տերմիններով էլ իրենց մասին խոսենք, միևնույնն է, խոսում ենք մարդկանց մասին, ովքեր 2022–ի  դեկտեմբերի 1–ից  շրջափակման մեջ էին և սովին ու ցրտին ամիսներով դիմակայելուց հետո կորցրին իրենց հողը, տները, փողոցները ու միգուցե մասնակիորեն իրենց ինքության կտորները։

Այսպիսի պահերին, երբ բոլորս զգայուն ենք ամեն տեսակ տեղեկատվության հանդեպ,  ամեն նոր բան կարող է ազդել մեզ վրա՝ մեր տրամադրության, մտքերի ու զգացումների։ Հաճախականության պատրանքը՝ հայտնի Բաադեր Մայնհոֆֆի էֆեկտ անունով, դրդում է մեզ առաջնահերթ նկատել որոշ բաներ՝ այլոց հաշվին։ Ու եթե միտքդ ծրագրված է գտնել որևէ նարրատիվ, դու դա կգտնես անգամ Youtube–ի պատահական երգում՝ մտածելով, թե տիեզերքն է հետդ բռնվել երկխոսության, մինչդեռ մտքիդ տրամադրվածությունն է երկխոսություններիդ հեղինակը։

Լրատվական բլոգներն ու կայքերը հիմնականում կենտրոնանում են զգացմունքներ առաջացնելու վրա, մինչդեռ նրանց տարածած տեղեկատվությունը հիմնականում նույն գորշ պատմությունների կրկնությունն է. «Նվաստացած Հայաստան», «Պարտված Հայաստան».

Այս՝ ինֆորմացիան որոշակի տրամաբանությանը համահունչ ֆիլտրելու ենթագիտակցական ունակությունը քաղաքական նման խառը պահերին սնվում է բացասական պատումներով, որոնք քեզ ներարկում են հետևյալը՝ դու զոհ ես ու ուր որ է կկորչես, քո ազգը գոյություն չի ունենա։ Մեր ուղեղը հեշտորեն տրվում է այս պատումներին ու ընկալելով դրանք իբրև հրաման՝ հանձնվում։ Դու սառում ես կամ քարանում, պաղում դադարի ու անգործունեության մեջ՝ հանձնվելով այն մտքին, որ անկարող ես որևէ բան փոխել։

Տեղեկատվական բոգերը և կայքերն այսօր ավելի կենտրոնանում են էմոցիաներ փոխանցելու ու տարածելու վրա, քան բուն տեղեկատվության։ 

Տեղեկատվությունը, որ նրանք կտարածեն հիմնականում նույնն է՝ տարբեր բացասական վերնագրերով համեմված՝ “Նոր Ցեղասպանություն”, “Կորցրած Հողեր” կամ էլ Կրեմլի սիրելի ձևակերպումներից թարգմանված՝ “Դավաճանված Հայաստան”, “նսեմասած Հայաստան”, “Պարտված Հայաստան”։

Իրականում սովետն էլ նման մի բան էր անում, ուղղակի սովետի միտումն այլ էր։ Այդ ժամանակվա թերթերը ողողված էին վախեցնող նյութերով ոչ կոմմունիստական երկրների մասին, ու ամենալավ նորություններով՝ կոմմունիստական երկրների։ Այսպես դու զգում էիր, որ ԽՍՀՄ–ն այն միակ տեղն է, որտեղ քեզ լավ ու անվտանգ կլինի։ Այսօր մենք մի իրականություն ենք ներկայացնում, որտեղ Հայաստանը կամ հայ լինելը զուգորդվում է շարունակական տանջանքի ու ցավի հետ, մինչ այլ երկրներում ամենը լավ է։ Եթե ԽՍՀՄ–ի ժամանակ գլխավոր ինչ–որ մեկն էր որոշում, թե ուր պետք է ուղղորդվի իր սահմաններում ապրող մարդկանց միտքն ու զգացումները, հիմա, երբ մենք անկախ ենք, ո՞վ է դա անում և ինչու՞ հենց այսպես։ Թե այս մոտեցումը՝ սեփական երկիրը ողորմելի ներկայացնելու, արդեն մեր մենթալիտետում ներծծված դոգմա է ու չի շտապում մեզ լքել, որովհետև դեռ չենք գիտակցել, որ այդպես չէ։

Օրեր առաջ սոց հարթակներից մեկում մի հոլովակ տեսա, որը վերնագրված էր “Սեպտեմբերը․․․” ու ներկայացնում էր շքեղ աշունը տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Եվրոպա, վերջում էլ՝  Արցախից սարսռացնող տեսարաններ։

Այս վիդեոն ինձ կարծես ասեր “բոլորը լավ են, բացի քեզանից”․․․բայց այդպե՞ս է արդյոք։ իսկ ո՞նց են Ուկրաինայի մարդիկ, ում Ռուսաստանը դեռ ռմբակոծում է, ո՞նց են մարդիկ Իրանում, Եմենում,Կոնգոյում։ Բա Իսրաելը։

Մենք ասում ենք, որ այդ ամենը կիսում ենք սոցցանցերում, որ “աշխարհն իմանա”, բայց իրականում այդ բառերն ու պատկերները կպնում ու ցավեցնում են միայն այլ հայերի, մինչ մեր բոլորի այլազգի ընկերները կամ հետևորդները դիտում են այն ինչ այդ պահին պետք է դիտեն ու տեղեկացվում նրա մասին, ինչն իրենց հետաքրքիր է․․․այնպես ինչպես և դու, ինչպես և ես, երբ մեզ չկպնող բան է պատահում։ 

Որպես հասարակություն, մենք հիմա ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ բացի մարդ լինելուց մենք նաև ինֆորմացիոն հարթակ ենք։ Սա նշանակում է, որ հիբրիդային տեղեկատվական պատերազմներում մենք ունենք կարևոր դեր։ Եթե պնդում ենք, որ ավելի զարգացած ենք, ինքնագիտակից քան մեր նախնիները, պետք է սովորենք ենթարկեցնել մեր էմոցիաները ու դրանց պոռթկումները, որովհետև 21-րդ դարի կոնֆլիկներում և պատերազմներում մեր միտքն է իրական մարտադաշտը, իսկ մեր վարքը՝ գործիքը։ Եթե փոխենք մեր վարքի հիմքը, կկարողանանք հիմնովի ազդել մեզ շրջապատող իրադարձությունների վրա, որովհետև այդ իրադարձությունները մեր հին վարքը հաշվի առնելով են պլանավորվում, մեր չֆիլտրված զայրույթի, չուղղորդված ատելության ու հանդարտ մտածելու հնարավորթյան բացակայության։

Իր “Հոմո Դեուս։ Վաղվա պատմությունը” գրքում, Իսրայելացի ժամանակակից  փիլիսոփա Յուվալ Նոա Հարարին ասում է, որ պատմությունը ոչ թե մեկ նարրատիվ է, այլ բազում այլընտրանքային նարրատիվներ ու գծեր։ Երբ մենք ընտրում ենք մեկ գիծ, ապա բացառում ու լռեցնում ենք մյուսները։

Եթե մենք դեռ ուզում ենք շարունակել հին գիծն ու պնդել, որ մենք բոլորից առանձնացված ենք՝ ընտրյալ ու զոհ, ապա միգուցե պետք է կրենք այդ ծանր բեռը ինքուրույն՝ չմեղադրելով ամբողջ աշխարհին մեզ չօգնելու համար, որովհետև այդ մենք ենք թաքնվել աշխարհից։ Եթե այդպես անենք՝ ինքներս մեր ձեռքով կկրկնենք մեր պատմությունը, ստեղծելով սերունդներ, որոնք կրկին նույն բախտին են արժանանում, ինչ մեր նախնիները։

Բայց եթե վերջապես ընդունենք, որ մեր էմոցիոնալ, պոռթկուն վարքագիծն այս խաղի մի մասն է, կսովորենք այն կառավարել, որովհետև ոչ մեկս էլ չի ուզում լինել մի խաղի մաս, որտեղ մենք ի սկզբանե պարտված ենք։

Մեր վարքն է այն պայմանը, որով կրկնվում է պատմությունը, պատմությունն ինքնին չունի կրկնվելու հատկություն։

Մտքերս այսպես ծավալվում, հասունանում ու կորում էին ու մինչ ես փորձում էի բռնել դրանց պոչը, հասկանալ, թե ինչ գրեմ վախից ինձ արթնացրած ընկերուհուս կամ գոնե սկսեմ իմ սովորական առավոտը՝ արևելյան սուրճով, մյուս ընկերուհիս՝ փարիզաբնակ  լայֆ քոուչը, արագ գրոհեց չաթը՝ փորձելով լարումը թուլացնել։

“1915–ին մենք՝ հայերս բազմաէթնիկ Օսմանյան Կայսրության մաս էինք։ Նրանք հաճախակի էին վնասում իրենց սահմանների ներսում բնակվող բոլոր էթնիկ և կրոնական խմբերին, ներառյալ ասորիներին, հույներին, հրեաներին, քրդերին, բուլղարացիներին, քրիստոնեա արաբներին ու այո, նաև մեզ ՝հայերիս։ Մենք բոլորս էլ պաշտպանված չէինք այդ տարածքում ու այդ ժամանակահատվածում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Հիմա դու ու՞ր ես, դու ունես քո երկիրը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե հարձակվեն վրադ ուրեմն պատերազմ է, ուրեմն պաշտպանվի։ Հերիք լինես զոհ․”

Զոհի մենթալիտետը ներարկված, ձեռք բերովի վարքագիծ է, նույնն էլ ագրեսսոր լինելն է։ Երկու վարքագծերն էլ  պտտվում են մեր կենցաղում, գործողություններում ու մտքերում։ Մենք դրանք փոխառել ենք հասարակությունից, մենք այդպիսին չենք ծնվել։ Առհասարակ այդպիսին չեն ծնվում։ 

Մենք կարող ենք փոխվել, եթե դադարենք մեղադրել մեկս մյուսին այն ամենի համար, ինչ պատահում է մեզ հետ։ Մեր հասարակական ճակատագիրը բոլորիս ձեռքում է։

Ցավոք, որպես հասարակություն մենք տանուլ տվեցինք Արցախն ու կորցրինք այս տարածքի համար հոգ տանելու հնարավորթյունը, ինչպես նաև պաշտպանելու մեր պատմական ու մշակութային ժառանգությունը, որը հիմա աչքներիս առաջ ջնջվում է։ Հիմա մենք ունենք միայն Հայաստանը՝ իր միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններով և եթե կենտրոնանանք այս հողը սիրելու վրա ու սիրելով պաշտպանելու, ոչ թե “թշնամուն” ատելու, մենք այս հողն ավելի լավ կպահենք, ավելի լավ կպաշտպանենք ու կունենանք ավելի լավ ապագա, քան տվյալ պահին կարող ենք պատկերացնել։Մենք այնքան բան դեռ ունենք անելու, ու նախևառաջ՝ տեղահանված մեր ժողովրդի ֆիզիկական ու էմոցիոնալ վերականգնմամբ զբաղվելն է։

Դժվար է դիմանալ բացասական ինֆորմացիային, որով մեդիան մեզ հեղեղում է ներարկելով այդքան ատելություն մեր հարևան հակառակորդների հանդեպ, չնայած իրականությունն այն է, որ մարդիկ չեն մեր թշնամիները, այլ բռնապետությունը։ Սա խնդիր չէ երկու մարդկանց խմբերի միջև՝ մեր ու նրանց, սա երկու քաղաքական օրակարգերի բախում է, դեմոկրատիայի ու ընտանեկան բռնապետության, որը ճնշում է իր իսկ պետության բնակիչներին՝ խլելով անգամ նրանց այլ կերպ մտածելու, զգալու իրավունքն ու այլ կյանք ունենալու հնարավորթյունը բացառելով։

Հեշտ չէ աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց տանջանքներ տեսնել, տեսնել, թե ինչպես են հարձակվում կանանց ու երեխաների վրա, իմանալ, թե որքան մարդ է մահանում ամեն սովորական օր ու գիտակցել, որ մեր տարածաշրջանի կյանքը վերածվել է սրան։ Բայց երբ աշխարհը վերաձևակերպվում է ու իշխանության, ուժի կենտրոնները փոխվում՝ հասարակ մարդիկ են տուժում և կրում  փոփոխությունների վնասը։

Նրանք, ովքեր մեզ ատում են, մեզ հավասար տանջվում են, որովհետև ապամարդկայնացնելը թշնամուն մեզ է ապամարդկայնացնում, դարձնում ավելի վատ մարդ։ Այս ճանապարհը բռնելն է, որ աննկատ ամենասովորական մարդկանց կարող է դարձնել մեկն, ով իր հակառակորդի երեխաներին նետում է վանդակ։

Այս ամենը միգուցե քեզ զայրացնում է, բայց զայրույթը ընդամենը կնշանակի, որ էլ անտարբեր չես։


Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա